http://www.mnp.am  

 

ՙՈրդան կարմիր՚ պետական արգելավայրը ստեղծվել է 1987թ.: Գտնվում է Արմավիրի մարզում: Նրա տարածքն ընդգրկում է աղուտային էկոհամակարգերի մի փոքր տեղամաս (217 հա մակերեսով), որը գտնվում է Արազապ, Արգավանդ եւ Սովետական գյուղերի միջեւ: Արգելավայրի գործունեության հիմնական նպատակն է ապահովել Արարատյան հարթավայրի հալոֆիտ (աղուտային) ցուցանմուշային էկոհամակարգերի, դրանց բուսական ու կենդանական աշխարհի ամբողջության պահպանությունն ու կայուն օգտագործումը:

Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հանդիսանում Հայաստանի էնդեմիկ արժեքավոր միջատ` որդան կարմիրը, որն ապրում է որդանախոտ եւ եղեգն բույսերի վրա:

Որդան կարմիրը Հայկական լեռնաշխարհում հազարամյակների ընթացքում հանդիսացել է բնական կարմիր ներկի` կարմինի աղբյուր: Այս ներկը բարձր է գնահատվել պատմական ժամանակներում ոչ միայն Հայաստանում` լինելով այստեղ ՙթագավորական՚ ներկ, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում: Ունենալով որոշակի առավելություններ ներկայումս օգտագործվող սինթետիկ ներկերի համեմատությամբ (բարձր կայունություն, մարդու համար անվտանգություն), կարմինը այսօր էլ կարող է կիրառվել սննդի, թեթեւ արդյունաբերության եւ այլ ոլորտներում: Վերջին տասնամյակների ընթացքում կատարված աղուտների յուրացման հետեւանքով միջատի նախկինում զբաղեցրած 11000 հա տարածքից պահպանվել է ընդամենը 217 հա: Սրանով կարեւորվում է ներկա արգելավայրի նշանակությունը այս միջատի պահպանության համար: Որդան կարմիրը գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում եւ ապագայում նախատեսվում է այն գրանցել նաեւ Հայաստանի Կարմիր գրքում:

Բնական է, որ միջատի պոպուլյացիայի գոյատեւման անհրաժեշտ պայման է հանդիսանում էկոհամակարգի պահպանությունն ամբողջությամբ: Արգելավայրը հանդիսանում է Արարատյան հարթավայրի հալոֆիտ համակեցությունների ցուցանմուշ: Այստեղ պահպանվում են մի շարք հազվագյուտ բուսատեսակներ, որոնցից կարելի է նշել բորակաթուփը, կասպիական կալախոտը, կարմրանը եւ այլն: Թեեւ կենդանական աշխարհի տարբեր խմբերն ուսումնասիրված են անհավասարաչափ, սակայն առկա տվյալների հիման վրա կարելի է նշել, որ արգելավայրի ֆաունան եւս յուրահատուկ է. ընդգրկում է հազվադեպ, այդ թվում` էնդեմիկ տեսակներ: Օրինակ, բզեզներից կարելի է նշել արաքսյան զատիկին, կովկասյան թարախահանին, հայկական տերեւակերին եւ այլն:

ՙՈրդան կարմիր՚ արգելավայրն իրենից ներկայացնում է Արարատյան հարթավայրի գրեթե անհետացած աղուտային համակեցությունների վերջին հանգրվանը, որի պահպանությունը մեծ նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար նաեւ միջազգային մակարդակով: